ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու մահմեդականները հավատում են Նոյի` Նախիջևանում թաղված լինելու ավանդությանը

Ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու մահմեդականները հավատում են Նոյի` Նախիջևանում թաղված լինելու ավանդությանը
05.07.2025 | 11:48

Ըստ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի պաշտոնական տպագիր մարմին հանդիսացող «Şərq qapısı» թերթի 2014թ. օգոստոսի 29-ի համարի (164-րդ) հրապարակումներից մեկի, Նոյ Նահապետը, պարզվում է, նախիջևանցի շարքային բանվոր էր, որը աղ էր հայթայթում Դուզդաղի քարանձավներում: Այս մասին հայտնելով, ադրբեջանական այլ լրատվամիջոցների նման հայոց պատմությունը շարունակաբար ու հետևողականորեն կեղծող haqqin.az- ը տիրաժավորել է ադրբեջանցիների այս «սենսացիոն» եզրակացությունը:

Հիշյալ հրապարակման խելքերը թռցրած հեղինակները նաև կոչ են արել անպայման գալ Նախիջևան` այցելելու համար Նոյ Նահապետի դամբարան, որն անձամբ կառուցել է նշված հանրապետության ղեկավարը` ի նշան Երկրի վրա կենդանության փրկչի նկատմամբ ունեցած հարգանքի:

Դե ինչ, Նախիջևանում չկա այն նավթը, որ կա Ադրբեջանում, և Հայաստանից խլված այդ երկրամասում բուսնած նրա ներկայիս «տերերը» փորձում են փող աշխատել զբոսաշրջությանը զարկ տալու միջոցով:

Ֆեյսբուքի օգտատերերից Հայկ Մարտիրոսյանը վերոնշյալ տեղեկատվության կապակցությամբ իր էջում գրել է.

«Մարդկության Նահապետի` Նախիջևանում թաղվելու պատմությունը ադրբեջանցիները չեն հնարել: Նոյի դամբարանի մասին բազմաթիվ վկայություններ կան հայ միջնադարյան սկզբնաղբյուներում, ինչպես նաև 18- 19- րդ դարերի ռուս և եվրոպացի հետազոտողների ու ուղեգրողների գործերում: Մասնավորապես` այդ շինությունը, որպես Նախիջևանի հայության ուխտավայր և սրբատեղի, մանրամասնորեն նկարագրել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը «Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջակայ» (1904թ., Տփղիս) գրքում.

«Սա 10 ոտնաչափ տրամագծով ութանկյուն մի շենք է, գմբեթածածկ, մեջտեղում մի սյուն: Ունի մի ցածր դուռ: Ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու մահմեդականները հավատում են այս ավանդության և հաճախ, մանավանդ զատկի մեռելոցին, ուխտի գալիս այստեղ»: Նորը` դամբարանի նորոգումն է, և այն պնդումը, որ «Նոյը աղահանքի բանվոր էր»»:

Թեմային ժամանակին անդրադարձել է նաև «Գեղարդ» հիմնադրամը՝ «Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը» վերտառությամբ հրապարակմամբ .

«Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջևանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արևելցին գրում է․ «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի և Նեմզարայ ի Մարանդ» [1]:

Համարվում է, որ Նոյի դամբարանը գտնվել է Նախիջևան քաղաքի հարավային կողմում՝ հայկական հին գերեզմանատանը։ Դամբարան- մատուռը երկհարկանի է եղել։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ, մանկավարժ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ Նոյի գերեզմանը գտնվել է քաղաքի հարավային կողմում՝ հին բերդի մնացորդների մոտ։ Իր ներկայիս տեսքով այն վերականգնվել է պարսիկների կողմից։ Այստեղ նախկինում եղել է եկեղեցի, որը հետագայում ավերվել է, սակայն մատուռը նախկին եկեղեցու մնացորդն է։ Մատուռի ներքին տեսքը նման է քարայրի՝ մեջտեղում կամարներով հենված քարե սյունով: Ըստ հայկական լեգենդի՝ այստեղ են գտնվում Նոյ նահապետի մասունքները [2]: Ռուս հայտնի գրող և ճանապարհորդ Եվգենի Մարկովը նշում է, որ Նախիջևանում է գտնվում այն վայրը, որտեղ, ըստ հայերի հավատալիքների, տապանից դուրս գալուց հետո հաստատվել, ապա մահացել է Նոյ նահապետը, իսկ «Նախիջևան» բառը հին հայերենում բառացիորեն նշանակել է «առաջին բնակավայր» [3]: Նոյի գերեզմանի մասին է հիշատակում նաև պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը[4]:

1852 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցում» նշվում է, որ հայկական շատ հուշարձաններ մուսուլմանների կողմից ենթարկվել են ավերածությունների։ Կանգուն է մնացել Նոյի դամբարանը, որը համարվում է հայկական քրիստոնեական կառույց։

1930- ական թվականներին Նախիջևանի ադրբեջանական իշխանություններն ավերել են մատուռը։ Սակայն 2006 թվականին ադրբեջանցիները «վերհիշել» են այդ հուշարձանի մասին՝ վերականգնելով այն մուսուլմանական հուշարձաններին հատուկ ոճով:

Հարկ է նշել, որ Նոյի դամբարանը Նախիջևանում եղած հայկական մյուս կոթողների նման հիմնահատակ չի ավերվել միայն այն պատճառով, որ մուսուլմանները Նոյ նահապետին ևս համարել են մեծ մարգարե: Հավելենք, որ ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերն ու վկայություններն այն մասին, որ այն եղել է հայկական սրբատեղի, ուխտատեղի ու դարեր շարունակ կանգուն է մնացել հենց հայերի շնորհիվ»:

Մեր ոչ ու բարով հարևանների անհեթեթ պնդումները պետք է ոչ միայն ծիծաղ հարուցեն, այլև հայկական կողմից գիտական մակարդակով պատշաճ հակազդեցություն արտերկրի համապատասխան պարբերականներում:

Հիմնադրամի հրապարակման մեջ նշված աղբյուրները՝ հոդվածի ներքևում:

Արթուր Հովհաննիսյան

[1]Վարդան Արևելցի, Աշխարհացույց, հրատ. Հայկ Բերբերյանի, Փարիզ, 1960, էջ 12:

[2]К. А. Никитин, Город Нахичевань и Нахичеванский уезд, «Сборник материалов для описания местностей и племен Кавказа, (СМОПМК), вып. II, отд. I, Тифлис, 1882, с. 112–113.

[3]Евгений Марков, Русская Армения, «Вестник Европы, № 6, том III, июнь,1901, с. 490․

[4]И. Шопен, Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской империи, Санкт-Петербург, 1852, с. 320–321.


Դիտվել է՝ 6337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ